Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը կպատերազմեն Լեռնային Ղարաբաղի համար
Հարավային Կովկասում ցածր ինտենսիվությամբ հակամարտությունը վերջին ժամանակներում սրվում է, գրում է Prince Edward Island-ի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Հենրի Սրեբրնիկը journalpioneer.com-ում հրապարակված իր հոդվածում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերից ոչ մեկը կարծես չի պատրաստվում հետ կանգնել, գրում է հեղինակը և մեջբերում New York Times թերթի լրագրողին ասված Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը. «Երբ ջուրը խառնվում է հողի հետ՝ ցեխ է: Երբ արյունն է խառնվում հողի հետ՝ հայրենիք է»: Հեղինակն իր հոդվածում ներկայացնում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին ընդգրկվել Ադրբեջանի կազմում, իսկ արդեն Խորհրդային միության փլուզման տարիներին անկախացել: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում գրանցված զոհերից բացի, քրիստոնյա հայերը և մուսուլման ադրբեջանցիները դեռ խորհրդային տարիներից առաջ լարված հարաբերություններ են ունեցել՝ ներառյալ արյունահեղություններ, գրում է հեղինակը: Նա նշում է այժմ երկու երկրների զինանոցների, հունվար ամսին լարվածության ակտիվացման (երբ գրանցվեցին զոհեր-Tert.am), Ադրբեջանի կողմից խոցված անօդաչու սարքի և երկու երկրների նախագահների կողմից միմյանց հասցեին հնչած սպառնալիքների մասին:
Լեռնային Ղարաբաղի չլուծված կարգավիճակը մնում է անկայուն Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենապայթյունավտանգ խնդիրներից մեկը, գրում է հեղինակը:
