Արդյո՞ք պարտադիր է փաստաբան ունենալ դատարան դիմելու համար
Դատարան դիմելու համար փաստաբանի պարտադիր մասնակցություն չի պահանջվում։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18–րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Իսկ 19–րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Վերոնշյալ դրույթներից հետևում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները դատարանում պաշտպանելու ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի միջոցով։ Փաստաբանն ընդամենը հանդիսանում է որակյալ իրավաբանական օգնության ապահովման երաշխիք։
Փաստաբանի մասնակցությունը նույնիսկ այլևս չի պահանջվում ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելու համար։ Այս տարի Սահմանադրական դատարանը ՍԴՈ–1196 որոշմամբ օրենսդրի այդ պահանջը ճանաչել է ՀՀ Սահմանադրության հակասող և անվավեր, համարելով դա սոցիալական բեռ, որը դրվում է անձանց վրա։