Արդյո՞ք Քոչարյանը մինչ օրս չի ըմբռնել, որ ժողովրդավարությունը ՀՀ-ում «մորթվեց» 10 տարի առաջ...
Ռոբերտ Քոչարյանի հայտը.քաղաքականություն վերադառնալու, եւ նրա հայտարարությունները՝ հատկապես համախմբող կենտրոն դառնալու առթիվ, այսօրվա դրությամբ գրոշի արժեք չունեն, քանի որ հասարակությունը մերժել է նրան եւ կշարունակի մերժել…
Այն պարզ պատճառով, որ հանրությունը մինչ օրս լիրաժեք պատասխաններ չի ստացել, թե վենդետաների մասին ահազանգող Քոչարյանի իշխանություն օրոք ինչու տեղի ունեցան խայտառակ ոճրագործություններ, որոնք որպես ամոթալի խարան՝ կախված մնացին Հայոց պետականության գլխին:
Հասարակությունն ուզում է իմանալ.ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: Ո՞վ էր այդ սպանդի ու դավադրության գլխավոր մեղավորն ու «կնքահայրը»:
Ի վերջո, դա «ուչաստկովիի» գո՞րծ էր, թե…
Եւ երկրորդ. ի՞նչ կատարվեց 2008 -ի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում: Երբ Երևանում ուժի կիրառմամբ ցրեցին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիան, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ գնդակահարվեցին:
Ի՞նչ հետք են թողել այդ իրադարձությունները երկրի քաղաքական կյանքում, ինչպե՞ս են ազդել հասարակության վրա, և ո՞վ է պատասխանատու մարդկանց մահվան համար: Հետաքրքիր է. այս ամենի մասին Քոչարյանն ինքն անձամբ խորհե՞լ է…
Արդյո՞ք Քոչարյանը մինչ օրս չի ըմբռնել, որ ժողովրդավարությունը ՀՀ-ում «մորթվեց» 10 տարի առաջ՝ 2008-ի մարտի 1-ին։ Երբ զորքը դուրս եկավ խաղաղ ժողովրդի դեմ :
Էլ չասենք, թե ո՞ւմ խղճին է «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած հայտնի դեպքը, (քոչարյանական տարիներին) բազում ընդդիմադիր գործիչներին անկյուն մղելու սառնասիրտ քաղաքականությունը, «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին ամենացինիկ ձեւով եթերազրկելու խայտառակ իրողությունը, եւ այսպես շարունակ: Հայտնի փաստեր, որոնց առկայության պայմաններում գրեթե անհնար է ռեաբիլիտացնել Քոչարյանի անունը:
Եւ այսքանից հետո ուշագրավն այն է, որ Քոչարյանը շարունակում է աչքի ընկնել ընդամենը մեկ առանձնահատկությամբ. չստանձնել պատասխանատվություն, եւ միշտ մեղքը բարդել ուրիշների վրա:
Մի բան, որ նկատվեց նաեւ երեկ՝ ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Երկրորդ նախագահը, խոսելով ներքաղաքական ներկայիս գործընթացների մասին, մի դեպքում փորձեց քարեր նետել ներկայիս վարչապետ Փաշինյանի, մյուս դեպքում՝ իր տարիների գործընկեր Սերժ Սարգսյանի ուղղությամբ, ում ոտքերի տակ նա թողեց մարտի մեկի «ռումբ»-ն ու հեռացավ:
Հայ հանդիսատեսը, իրականում առաջին անգամ տեսավ, թե ինչպես Քոչարյանը հրապարակայնորեն «փուռը տվեց» Սերժ Սարգսյանին՝ մեղադրելով նրան իրականացրած սահմանադրական փոփոխությունների ու վարչապետի պաշտոնը զբաղեցնելու միջոցով իշխանությունը երկարաձգելու համար:
Մինչդեռ Քոչարյանը մոռացավ մի հարց էլ ինքն իրեն ուղղել. ինչո՞ւ 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ձևավորեց խիստ կենտրոնաձիգ իշխանություն` նրա ներսում վերացնելով բոլոր հակակշիռները՝ տոտալ վերահսկողություն սահմանելով բոլոր շերտերի նկատմամբ:
Այնպես որ չարժե ՝Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ…Ժողովուրդն ամեն ինչ գիտի.ոչ ոք չի մոռացվել, եւ ոչինչ չի մոռացվելու, ինչքան էլ որ Քոչարյանը փորձի թավշյա հեղափոխությունից հետո կյանք վերադարձնել «կլինիկական մահի» մեջ գտնվող քրեաօլիգարխիային:
Հ.Գ
Ի միջի այլոց, այս օրերին Քոչարյանը քիչ ա մնում ասի. ՀՀ-ի արտաքին պարտքը, որի թիվը խիստ աստղաբաշխական է, Փաշինյանն է բերել իր հայրական տանից: Առնվազն բարոյական չէ:
Չմոռանանք, որ խոշոր հաշվով Ձեր թողած «թավանների» վրա են այսօր իշխանության եկել Փաշինյանն ու իր թիմը:
Մնացածի մասին՝ հաջորդիվ:
Գայանե Զարգարյան
