Առեղծվածային ինքնասպանություն, կրակոցներ, ծեծկռտուք. մանրամասներ` Գյումրու աղմկալի դեպքերից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-ին եւ 8-ին Շիրակի մարզում աղմկալի դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Առեղծվածային ինքնասպանություն, երկու սպանություն, ծեծկռտուք եւ կրակոցներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված լարված իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետը հատուկ հանձնարարականներով գնացել է Գյումրի: Դեպքերը՝ ըստ վիճակագրության Մարտի 7-ին՝ վաղ առավոտյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մոտ հայտնաբերվել էր Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին: Ըստ նախնական վարկածի` երիտասարդին նախ սպանել էին այլ վայրում, ապա նրան դնելով ավտոմեքենայի մեջ՝ հասցրել էին ձորի մոտ ու գլորել ցած: Քրիստ Վարդանյանը եղել էր իրեն պատկանող Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին հրազենային մահացու վնասվածքներ: Հարսանիքից մնացած վրե՞ժը Քրիստ Վարդանյանի սպանության օրը՝ երեկոյան, մեկ այլ աղմկահարույց դեպք գրանցվեց Գյումրիում: Մարտի 7-ին՝ ուշ երեկոյան, Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, կրակոցներ էին հնչել: Հիվանդանոց էին տեղափոխվել 6 հոգի՝ Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Կնյազ Ղազարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Գագիկ Ղուկասյանը: Ավելի ուշ նրանցից երեքին ծանր վիճակում՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարտի 7-ին հնչած կրակոցները կապ ունեն նույն օրը՝ առավոտյան, ձորում կրակոցներից սպանված Քրիստ Վարդանյանի մահվան հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
