Արգամիչն է՞լ կարժանանա իր խնամու բախտին
Comment
Իսկապես որ շատ դժվար ժամանակներ են սկսվել Հովիկ Աբրահամյանի համար: Մարդը այդքան չարչարվեց, Մխչյանից հասավ մինչև Մելիք-Ադամյան, լոլիկագործից մինչև վարչապետ, հարուստ խնամի ունեցավ ու հենց խնամու գործոնից տեղը տեղին օգտվեց, որ այսօր ստիպված լինի արագ կերպով հոշոտել իր խնամու՞ն: Իսկ ուրիշ ինչ տարբերակ ունի, եթե հստակ հանձնարարություն է ստացել, կամ պետք է կատարի հանձնարարությունը կամ էլ հրաժեշտ տա վարչապետի աթոռին: Բնականաբար, Արգամիչը չի ուզի զրկվել վարչապետի աթոռից ու կսկսի Ծառուկյանին ջանասիրաբար ոչնչացնելու իր առաքելությունը: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ որքան հնարավոր է՝ ավելի ցավոտ «կխփի», որպեսզի իր տեղում մնալու շանսերի տոկոսը գոնե մի փոքր ավելացնի:
Բայց կփրկի՞ արդյոք դա Արգամիչին: Չէ՞ որ իր գլխավոր խաղաքարտը հենց խնամի Ծառուկյանն էր, Ծառուկյանի միջոցով էլ՝ մնացած օլիգարխները: Հենց իշխանություն-օլիգարխիա, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները համակարգողի դեր ստանձնելու համար են, ըստ էության Աբրահամյանին հանդուրժում որպես վարչապետ, այլ ոչ թե ինտելեկտուալ կարողությունների ու հմտությունների: Եվ հիմա Արգամիչը կորցրեց իր գլխավոր խաղաքարտը, իր հենասյունը:
Դժվար թե Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը երկար կտևի՝ նույնիսկ Ծառուկյանին ջանասիրաբար ոչնչացնելու դեպքում: Վաղ թե ուշ պետք է որ նա էլ արժանանա իր խնամու բախտին, և այդ ժամանակը սարերի հետևում չէ:
Արտյոմ Եդիգարյան