«Արմավիան» սնանկ ճանաչվեց.
««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ է ճանաչել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է դեկտեմբերի 16-ին: Հայաստանի երբեմնի ազգային փոխադրողին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» և «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը նույն Միխայիլ Բաղդասարովն է:
Դատավոր Կատվալյանի` «Արմավիային» սնանկ ճանաչելու մասին վճռի համաձայն՝ ավիաընկերությունը «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պարտք է 38 միլիոն 378 հազար դոլար: Նկատենք, որ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին Միխայիլ Բաղդասարովը համարվում էր Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ցորենի, բենզինի, դիզվառելիքի հիմնական ներկրողը հենց նրան պատկանող ընկերություններն էին: Նախկին «Հայխնայբանկի» հիմնական բաժնետերն էր, Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերը և այսպես շարունակ: Բաղդասարովի «անկումը» սկսվեց այն բանից հետո, երբ նա 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ փորձեց իրեն դրսևորել որպես «ազատ» գործարար: Դրանից հետո նրա գործերը մի փոքր վատացան: Սակայն 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ էլ նա իշխանություններից իրեն հեռու պահեց, որից հետո սկսվեց նրա «ազատ անկումը»: Երեք տարում նրա ընկերությունները մեկը մյուսի ետևից սկսեցին սնանկանալ, և այսօր նրան նույնիսկ խոշոր գործարար չես կարող համարել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
