Արմեն Աշոտյանը ծանր է տանում իրականության մասին բարձրաձայնումները
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր պետական ԲՈՒՀ-երում կատարվում է տոտալ կուսակցականացում: Ուսխորհուրդների կազմը դրա լավագույն ապացույցն է, որոնք համալրվում են ճնշող մեծամասնությամբ իշխանական կուսակցության ուսանող-անդամներով, կամ, հակառակը, Ուսխորհուրդները համալրելուց հետո նրանք ակտիվորեն կուսակցականացվում են:
ՀՀԿ-ն, այսպիսով, յուրահատուկ մեխանիզմ է ստեղծել` վերահսկողության տակ պահելու ուսանողությանը:
Եվ նույն ՀՀԿ-ն մշտապես շատ ծանր է տանում այն փաստը, երբ տարբեր պատգամավորներ ԱԺ-ում ելույթների միջոցով բարձրաձայնում են այդ մասին:
Այսօր էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձել է Նաիրա Զոհրաբյանին, որը խոսում էր արդեն սիմվոլիկ դարձած “սաքուլիկների” մասին: Ի դեպ, այդ մասին միայն Նաիրա Զոհրաբյանը չէ, որ խոսում է: ԲՈՒՀ-երում “Սաքուլիկների” և սաքուլիկացման մասին այսօր բոլորն են խոսում: Բայց Արմեն Աշոտյանը հերթական անգամ հատկապես ծանր է տանում հենց Նաիրա Զոհրաբյանի ելույթը, և տրտնջում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը արդեն խոսել էր այդ մասին:
Պարո՛ն Աշոտյան, ըստ ձեզ՝ սուր խնդիրները պետք է միայն մե՞ կ անգամ բարձրաձայնվեն ու դրանից հետո պետք է մոռացությա՞ ն տրվեն: Հասկանալի է, որ դա ձեզ համար լավագույն տարբերակը կլիներ, բայց, բարեբախտաբար, այդպես չէ: Ծանր տանելու և նյարդային վիճակների մեջ ընկնելու փոխարեն, ավելի լավ է իրապես զբաղվեք ոլորտով և ինքներդ բացահայտեք ու կանխարգելեք այն դեպքերը, որոնցում գլխավոր հերոսները “սաքուլիկներն” են, ոչ թե նեղսրտեք, որ պատգամավորը տեղին հարցեր է բարձրաձայնում ԱԺ ամբիոնից: Ո՞ վ չգիտի, որ այսօր պետական բուհերում համապարփակ սաքուլիկացում է կատարվում: Ի վերջո, դուք էլ հենց ԲՈՒՀ-ից հանկարծ համալրեցիք հարազատ կուսակցության շարքերը, և գոնե դուք պետք է այդ մասին քաջատեղյակ լինեք:
Արտակ Գրիգորյանի-ի ֆեյսբուքյան էջից
