Արմեն Ռուստամյանը համոզված է, որ ոչիշխանականների պայքարն արյունահեղության կտանի (Video)
1in.am-ը գրում է. Լրագրողների հարցերին պատասխանում է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
- Պարոն Ռուստամյան, Դաշնակցություն կուսակցությունն ինչպես է վերաբերվում ոչիշխանական եռյակի կողմից հանրահավաքների վերսկսմանը:
- Ես տեսել եմ, որ արդեն շատ լուրջ, մտահոգող երևույթներ կան. երբ հավաքներ, միջոցառումներ են տեղի ունենում, միշտ գտնվում են սադրիչներ, որոնք գործում են հանրահավաքի կազմակերպիչների հակառակ տրամաբանությամբ և փաստի առաջ են կանգնեցնում կազմակերպիչներին:
- Բայց արդյո՞ք իշխանությունը չի սադրում:
- Ես չեմ ասում, թե սադրիչները մի կողմից են: Սադրիչները բոլոր կողմերից էլ կարող են լինել: Եթե պատերազմ են հայտարարել, ապա ամեն մեկն իր ռեսուրսներն օգտագործելու է իր դիրքերը պահպանելու համար: Սա է վատը: Այս տրամաբանությունը, իսկապես, ներքին պատերազմի նախադրյալներ է ցույց տալիս, և սա առճակատում է շատ ավելի լուրջ հետևանքներով: Եթե 2008 թ. տասը զոհ ենք տվել, ապա կրքերը բորբոքելով՝ մենք կարող ենք շատ ավելի մեծ թվով զոհերի մասին խոսել: Հետո կնստենք ու կասենք՝ այս զոհի մեղավորը սա էր, այն զոհի մեղավորը նա էր: Բայց արդյունքում կարող ենք կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել: Այդպես մենք կորցրել ենք պետականությունը: Այդպես մենք կորցրել ենք միաբանվելու, մեր դիրքերն ամրապնդելու հնարավորությունը: Այդպես, եթե ուզում եք իմանալ, այդ հզոր պետությունը չունենալով՝ մենք ցեղասպանության ենք ենթարկվել: Եթե հզոր պետություն ունենայինք՝ մենք ցեղասպանության չէինք ենթարկվի: Այս դարավոր ազգը չունի՞ այդքան իմաստնություն, որ հասկանա, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Իմ վախն այն է, որ ամբոխային տրամաբանությունն է սկսում աշխատել: Զանգվածների, մասսաների տրամաբանություն կա, որը եթե դու ամբողջությամբ չես կարողանում վերահսկել, քեզ տանում է իր հետևից, ինչպես եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Նա մի բան էր ասում, ժողովուրդն ուրիշ բան էր ասում՝ դրա համար բաժանվեցին: Մեկը գնաց Ծիծեռնակաբերդ, մյուսը մնաց Բաղրամյան փողոցում: Իսկ այստեղ կարող են շատ ավելի լուրջ իրադարձություններ տեղի ունենալ: Հարթակի վրա կանգնածներն իրենք էլ չեն կարողանա զսպել:
- Եթե այդպես է, ուրեմն հանրահավաքներ չպե՞տք է լինեն մեր երկրում:
- Հանրահավաք պետք է լինի, բայց երբեք չպետք է հանրահավաքները վերաճեն արյունահեղության:
մանրամասները` սկզբնաղբյուրում
