«Արնաթաթախ ընկած ծառայակիցներիս, ընկերներիս դիերը, ամեն վայրկյան աչքիս առաջ են»...
Մոտենում է քառօրյա պատերազմի տարելիցը` չարաբաստիկ ապրիլի 2-ը, երբ բազմաթիվ զինվորներ կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը: Այո, նրանցից ոմանք այդ չորս օրերի ընթացքում հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը` կյանքը, իսկ ոմանք էլ` չնայած բազմաթիվ վիրավորումների, կարողացան դիմակայել եւ ողջ մնալ: Քառօրյան վերապրած հերոս զինվորներից է նաեւ այն ժամանակ Մատաղիսի Թալիշ-2 գումարտակում ծառայող 20-ամյա Հրայր Բաղդասարյանը, ում զորացրվելուն ընդամենը երկու ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը:
20-ամյա հերոսը մասնակցել է պատերազմի ամենաթեժ օրերին.«Պատերազմը սկսվելու առաջին իսկ պահից դիրքերում եմ եղել: Մեր դիրքի ուղղությամբ միանգամից հակառակորդի մի մեծ բազմություն հարձակվեց, մեզանից մի տաս անգամ շատ: Մենք` ինը-տաս հոգով էինք, իսկ թշնամին մեզ վրա գալիս էր հարյուր եւ ավել հոգով, կռիվ էր դեմ առ դեմ: Խրամատներից դուրս գալն էլ անհնար էր, որովհետեւ դիմացից զինված հակառակորդն էր, իսկ գլխավերեւներումս՝ անօդաչու թռչող սարքերը: Հենց այդ ընթացքում եմ վիրավորվել:
Ծանր վիրավորվեցի երկու ոտքիցս. մեկը ջարդվածք, մյուսի մեջ մի քանի տեղերով նռնակի բեկորներ էին: Ապա կրակեցին թեւիս` ջարդվեց թիակս, թոքի վնասվածք ունեցա, ուղեղի այտուց: Հինգ օր կոմայի մեջ եմ եղել հոսպիտալում: Մինչ օրս` պատերազմի օրերի ապրումները, հիշողությունները, արնաթաթախ ընկած ծառայակիցներիս, ընկերներիս դիերը ամեն վայրկյան աչքիս առաջ են: Այդ ծանր ու ցավոտ օրերը մոռանալ չեմ կարողանում»,-Fnews.am-ի հետ զրույցում քառօրյա պատերազմի ծանր օրերը կրկին վերապրեց 20-ամյա Հրայրը, ու հավելեց.«Չնայած թշնամին մեր համեմատ աննկարագրելի շատ զոհեր ու կորուստներ ունեցավ, ուղղակի մեր քիչ թվով կորուստներն էլ մեզ համար շատ են ու ցավոտ»:
Պատերազմը Հրայրին հասունացրեց միանգամից մի քանի տարով.«Հիմա ավելի հասուն, ու մեծի նման եմ մտածում: Պատերազմը վերապրելուց հետո՝ ավելի շատ սկսեցի գնահատել կյանքը: Դաժան զգացողություն է, երբ տեսնում ես, որ ընկերներդ մահանում են աչքիդ առաջ, իսկ դու անզոր ես նրանց օգնելու, փրկելու. դրանից դաժան բան այս կյանքում չկա»:
Պատրաստեց՝Նարե Այվազյանը
