Արտակարգ դեպք Արարատի մարզում. 57-ամյա տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել Վեդիի քաղաքապետարանում
Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Նա խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հարկաբաժին:
Պայթյունից տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է:
Նշված շենքում տեղակայված են Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: