Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)։
aravot.am-ն է գրում այս մասին ու նշում, թե պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։
Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը կայքին փոխանցել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են, այս պահին երեխաներին տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։