Արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է․
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այս համատեքսում 2023 թվականը նշանավորվել է մի քանի կարևոր իրադարձություններով:
Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:
ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին:
Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը:
Ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը շուտով՝ փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի:
Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ:
Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև:
Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ»: