Արտառոց է Գեւորգ Սաֆարյանին մինչեւ հիմա կալանքի տակ պահելը. Իրավապաշտպան
«Արտառոց է այն, որ Գեւորգ Սաֆարյանը մինչեւ հիմա կալանքի տակ է»: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու համար շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանին կրկին կալանավորելու որոշմանը:
«Մարդու իրավունքների հանդեպ կոպտագույն խախտում է Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնությունը, որը պարբերաբար կրկնվում է եւ պատկան մարմինները ոչինչ չեն անում այդ ուղղությամբ»,-ասաց իրավապաշտպանը:
Ժաննա Ալեքսանյանը հավելեց, որ չի հասկանում` թե որն է Գեւորգ Սաֆարյանին անազատության մեջ պահելու իմաստը. «Գեւորգն ուղղակի լավ երիտասարդ է, որը ցույց է տալիս իր անհանդուրժող վերաբերմունքը գոյություն ունեցող իշխանությունների նկատմամբ: Ուղղակի այդ երիտասարդի վարմունքը վարակիչ է եւ կարող է օրինակ լինել մյուս երիտասարդների համար»:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նա փորձել է տոնածառ տեղադրել, ոստիկաններն արգելել են: Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանները վճիռը նույնն են թողել: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ գործը շինծու է՝ հիմնված միայն ոստիկանների կեղծ ցուցմունքների վրա: