Արտաշես Գեղամյանը Հայաստանի՞ն պաշտպանեց, թե՞ ՌԴ-ին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հելսինկիում ԵԱՀԿ վեհաժողովի հռչակագրի քվեարկության ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամները միաբերան չեն մասնակցել քվեարկությանը:
«Եթե Գեղամյանի քվեարկության հիմքում ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության տրամաբանությունն է գործել, ապա ինչո՞ւ մյուս պատգամավորները համամիտ չէին նրա հետ»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ այս պարագայում առաջ է գալիս այն մտայնությունը, որ խնդիրը ոչ թե տարածաշրջանային ամբողջականության կետին է վերաբերում, այլ ՌԴ նկատմամբ քննադատությանը:
Թերթը փորձել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին ճշտել՝ նախապես տեղյա՞կ է եղել հանձնաժողովի ղեկավարի քվեարկության մասին, քանզի հայտնի է, որ իր ղեկավարած հանձնաժողովն այս կամ այն կերպ կոորդինացնում է միջազգային կառույցներում հայաստանյան պատվիրակությունների քվեարկությունները, սակայն «Առավոտ»-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Զաքարյանից:
