«Արթուրը մեր սանիկն էր, այսօր էլ տղաս մասնակցեց սգո արարողությանը».Աբրահամ Մանուկյան
Քրեական հեղինակություն, քանաքեռցի 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի (հայտնի Չուգուն մականունով) սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռևս ձերբակալված անձ չկա: Այս մասին երեկ armtimes.com-ի հետ զրույցում ասել է8 ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Արթուր Հովհաննիսյանը սպանվել է հուլիսի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ. պարզվել է, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ (Հովհաննիսյանը սպանվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից,-հեղ.)։ Նախնական տվյալներով, կրակոցներն արձակվել են, երբ Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել է դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5 պարկուճ, 1 գնդակ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ հրազենից են արձակվել կրակոցները: Կայքի տեղեկություններով, դրանք արձակվել են մեկ անձի կողմից: Կրակոցների պահին սպանվածի կնոջ եղբայրը եղել է հենց Արթուրի մեքենայի մեջ և ամենայն հավանականությամբ՝ տեսել է, թե ով է կրակել իր փեսայի ուղղությամբ:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ սպանված Արթուր Հովհաննիսյանը օրեր առաջ կոնֆլիկտ է ունեցել Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ: Մամուլում գրվեց, նաեւ այն մասին,որ դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ Հովհաննիսյանին սպանել է Աբրահամ Մանուկյանի որդին: Իսկ ահա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, այն կարծիքին է, որ այդ լուրերը իրականության հետ կապ չունեն, եւ որ իր որդին էլ չէր կարող նման քայլի գնալ: Fnews.am-ի հետ զրույցում, պատգամավորը նկատեց.«Ընդհանրապես տենց հարց չկա:Դուք մոռանում եք, որ նրանք (սպանվածի ընտանիքը.-հեղ) մեր սանիկներն են, ինչի՞ մասին է խոսքը:Ու ընդհանրապես Արթուրը մեր սանիկն էր, այսօր էլ տղաս մասնակցեց սգո արարողությանը»:
Մանուկյանը դժվարացավ ասել նաեւ, թե այդ դեպքում ով կարող էր կնոջ եւ եղբոր աչքի առաջ սպանել քրեական հեղինակությանը.«Չեմ կարող ասել ով, բայց թշնամիներ չէր ունենա, կարգին, նորմալ տղա էր անձամբ երկար տարիներ շփվել ենք: Ինքը իմ փոքր տղայի հարսանիքին էլ է եղել, հետո ինքը դուրս էր գնում-գալիս, ավելի շատ Ռուսաստանում էր»:
Տաթեւիկ Աբրահամյան