Արյան մեջ մարկերները կօգնեն հայտնաբերել սրտի նոպան
Կրծքավանդակում ցավը կարող է մի շարք պատճառներ ունենալ, եւ շատ կարեւոր է ժամանակին հայտնաբերել սրտի հիվանդությունների հետ կապված դեպքերը: Ինչպես ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Cardiovascular Medicine ամսագրում, գիտնականներն աշխատում են արյան անալիզի վրա, որը թույլ կտա արագ ախտորոշել պացիենտի մոտ սրիտ նոպան:
Medical Express-ի հաղորդմամբ՝ Նանկինի բժշկական համալսարանի եւ Չինաստանի դեղագործական համալսարանի մասնագետները հավաքել են 146 պացիենտների նմուշներ, նրանք հիվանդանոց են դիմել կրծքավանդակի շրջանում ցավով, եւ 84 առողջ կամավորների տվյալներ: Պարզվել է, որ 146 պացիենտից 85-ը սրտի նոպա է տարել, իսկ մնացածն այլ պատճառներով է տեղափոխվել հիվանդանոց:
Վերլուծելով նմուշները՝ մասնագետները հայտնաբերել են մի շարք մետաբոլիտներ, որոնք առկա են տարբեր քանակությամբ, եւ տարբերությունները բավական զգալի են եղել, որպեսզի նրանք կարողանան հաջողությամբ տարբերել սրտի նոպայով պացիենտների արյան նմուշները կրծքավանդակի ցավով պացիենտների արյան նմուշներից:
Պարզվել է, որ երեք մետաբոլիտ հեռանկարային է որպես ախտորոշիչ մարկեր: Նույնիսկ հաշվի առնելով այլ գործոնները, օրինակ՝ հիպերտոնիա, ծխել եւ դիաբետ, դեզոքսիուրիդին, հոմոսերին եւ մեթիոնին մետաբոլիտները պահպանել են իրենց նշանակությունը որպես մարկերներ, ասում են գիտնականները: