Աշոտ Աղաբաբյանը՝ Ծառուկյանի կողմից «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին օգնելու մասին.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր` ժամը 10:30-ի սահմաններում, այսինքն` նախապես հայտարարված խորհրդաժողովից առաջ, հանդիպելու է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ նրանք շատ ավելի բարենպաստ պայմաններում կաշխատեն Գ. Ծառուկյանի «հովանավորությամբ». նա տարածք կտրամադրի առավել արտոնյալ պայմաններով և կօգնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանից դժգոհ առևտրականներին: Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ քայլեր է անելու, որպեսզի առևտրականներն իր տոնավաճառից չհեռանան, պատասխանեց. «Ամեն շաբաթ կարող են մեր մոտ 50 հոգի գալ, կամ գնալ, ես ինչ կարող եմ ասել: Ես վարձավճարը չեմ իջեցնելու»:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այդ քայլն իրեն չի վիրավորում, նա պատասխանեց. «Բայց ինչի, ասենք՝ իմ մոտից չեն գնացել, ուրիշի մոտից են գնացել, մարդը հնարավորություն ունի, թող օգնի»:
