ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Այսօր ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ -ի կողմից անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդում իրականացնելու գործունեություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։