Աշխարհում կորոնավիճակն աղետալի է․ BBC
Եվրամիությունն Ուկրաինան բացառել է երկրների «կանաչ ցուցակից»՝ հիվանդացության և մահացության բռնկման պատճառով, գերմանացի բժիշկները սկսում են չեղարկել պլանավորված վիրահատությունները՝ կորոնավիրուսով հիվանդների աճի պատճառով, Boeing-ի աշխատակիցները զանգվածաբար դեմ են արտահայտվում պատվաստումներին, նորզելանդացիները հոգնել են արգելափակումներից ու դուրս են եկել բողոքի, գրում է BBC֊ն։
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը համաճարակի ընթացքում գերազանցել է 250 միլիոնը, ավելի քան 5 միլիոնը մահացել է։
Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում ավելի քան 1200 մարդ է մահացել։ Թեև կորոնավիրուսից զոհեի իրական թիվը կարող է երեք անգամ ավելի լինել, գրում է պարբերականը։
Այժմ շատ երկրներում հիվանդացության կտրուկ թռիչք է նկատվում: Ամենավատ իրավիճակում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, թեև Բրիտանիայում մահացության ցուցանիշը չի աճում։
Այս եռյակին հաջորդում են Թուրքիան, Ուկրաինան և Գերմանիան։ Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Ուկրաինան բացառում է համաճարակաբանական բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների «կանաչ ցուցակից»։ Անցած 28 օրվա ընթացքում այնտեղ հիվանդացել է ավելի քան կես միլիոն մարդ, մահացել՝ 14 600-ը` չնայած այն հանգամանքին, որ երկրում մահացության ընդհանուր մակարդակը համաճարակի ողջ ընթացքում կազմում է 78 հազար։
«Կանաչ ցուցակը» ներառում է երկրներ, որոնց քաղաքացիներին ԵՄ իշխանությունները խորհուրդ են տալիս վերացնել ոչ պարտադիր (այսինքն՝ զբոսաշրջային) ճանապարհորդությունների սահմանափակումները։