Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը
Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ:
«Խմբակցությունը քննարկել է հարցի և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ բարոյական, և՛ ֆինանսական, և՛ իրավաբանական բոլոր կողմերը ու տեսել ենք մեծ մտահոգություններ, և այն պատասխանատվությունը, որ այսօր դրվում է Երևանի ավագանու վրա, ես կարող եմ ասել, որ առնվազն խնդրահարույց եմ համարում: Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու» - նշել է Թամարա Պողոսյանը:
Հարկ է նկատել, որ թեև բյուջետային գործընթացը ինչպես Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում, այնպես էլ Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծի և Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի նախագծի հանրային լսումների ժամանակ մանրամասն ներկայացվել ու նշվել էր և՛ համայնքային ծառայողների, և՛ մանկապարտեզների ու գրադարանների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ու դրա հատկացման վերաբերյալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որևէ առարկություն դրա վերաբերյալ չէր ներկայացրել: Ավելին, հավանություն էր տվել ու կողմ քվեարկել նույն խմբագրմամբ ավագանու քննարկմանը ներկայացնելուն: Սույնը հաշվի առնելով՝ առնվազն տարակուսելի էր բյուջետային հիմնավորումներով աշխատավարձերի բարձրացման հարցում խմբակցության դիրքորոշումը:
