Ավարտվում է ՃՈ տուգանքի գումարի ավելացված չափը վճարելու պարտականությունից ազատվելու ժամկետը
2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է վեցամսյա ժամկետը, որի ընթացքում 2012 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը վճարելու դեպքում ազատվում է չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Վարչական պատասխանատվության ենթարկված անձն այս ժամկետում ազատվում է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից, իսկ 2015թ. հունվարի 9-ից մինչև 2016թ. հունվարի 11-ը կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական ակտի հասցեատերն ազատվում է չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունը մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում է՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
