Ավազակային հարձակում հայտնի գործարարի տան վրա. հանցագործը ստացել է հրազենային վնասվածք և մահացել
Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Ւնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները: Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա են տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ բժշկական միջամտությունները ձեռնարկեցին նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել է տանտիրուհին, երբ տականքը կրակոց է արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը, կարելի է ասել, փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը հրազենային վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում