Ավելի խոշոր սկանդալն առջեւում է
Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու կապակցությամբ Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացված ՀԷՑ-ի հայտի հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բացահայտել է մի պատկեր, որը վառ արտահայտում է Հայաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական համակարգի բնույթը: Դրանում արտացոլված են բոլոր այն արատները, որոնք առկա են պետական կառավարման բոլոր ոլորտներում, եւ որոնք կարելի է ընդհանրացնել հետեւյալ կերպ՝ կոռուպցիա, ատկատ եւ կողոպուտ: Այսինքն, այն երեք հիմնարար սյուները, որոնց վրա կառուցված է հայկական տնտեսա-քաղաքական համակարգը:
ՀԷՑ-ի գնումները, վարկային պարտավորությունները, վարձակալած անշարժ ու շարժական գույքի եւ այլ ծախսերը ներառված են սակագնի մեջ: Ընդ որում, այդ ծախսերը մի քանի անգամ, իսկ որոշ դեպքերում էլ 1000 անգամ գերազանցում են շուկայական գները: Հայտի ուսումնասիրությունից փաստացի պարզվում է, որ ՀԷՑ-ը իր ստացած եկամուտներն ուղղել է ոչ թե ցանցերի բնականոն կենսագործունեությունը, օպտիմալացմանը, ստանձնած պարտավորությունները կատարելուն, այլ փաստացի մսխել է դրանք կասկածելի գործարքներում:
Փաստացի, ՀԷՑ-ը եղել է իշխող տնտեսա-քաղաքական համակարգի կերակրատաշտն ու «օբշակը», որտեղ գործում են հստակ քվոտաներ: Սկսած կադրային նշանակումներից, վերջացրած փողերի «բաշխումով»: ՀԷՑ-ի ղեկավար պաշտոններում գրեթե «պատահական» մարդիկ չկան, նրանք կամ բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներ ու հարազատներ են, կամ նշանակված ըստ քվոտայի՝ կուսակցական, օլիգարխիկ եւ այլն: ՀԷՑ-ի պայմանագրերն էլ կնքվում են այն կազմակերպությունների հետ, որոնք նույնպես պատահական կազմակերպություններ չեն եւ տարբեր թելերով տանում են դեպի այս մարդիկ՝ «բաշխելով» ծախսերը:
Ավելին, ինչպես հայտնի է դարձել տարբեր հրապարակումներից, բարձրաստիճան պաշտոնյաները չեն վճարում իրենց կենցաղի ու բիզնեսների սպառած ահռելի ծավալի էլեկտրաէներգիայի դիմաց:
Հայտնի է դարձել, որ ՀԷՑ-ը թանկ էլեկտրաէներգիա է գնել ինչ որ մի կազմակերպությունից ու վերավաճառել, եւ այդպես էլ անհասկանալի է մնում, թե դա ինչ կազմակերպություն է:
Աղբյուր`lragir.am:
