Ավտոմեքենա ներկրելիս մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020-ի նոր դրույքաչափերը. ՊԵԿ
ՊԵԿը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ավտոմեքենա ներկրելիս մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի նոր դրույքաչափերը:
Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձեւակերպման աշխատանքները, եւ առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նկարագրված դեպքերում, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների եւ բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020թ-ի հունվարի 1-ից գործող դրույքաչափերով:
Հաշվի առնելով նման իրավիճակները՝ կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչեւ ընթացիկ տարվա վերջ կատարել նաեւ հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, եւ ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար»:
Նշենք, որ արդեն քանի օր քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյացել Գյումրի ավտոմաքսատանը, որի հետեւանքով վարորդները հնարավոր է չհասցնեն այս տարվա ընթացքում մտնել մաքսատուն եւ կատարել անհրաժեշտ ձեւակերպումները: