Աղմկահարույց բացահայտում ոստիկանությունում. կիզակետում Վարդան Թունյանն է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, հիշյալ նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Թունյանը, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները: Այնուհետև, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թունյանն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը: Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: