Աղունիկ թռցնող մարզպետը բուլկուց գաթա չի դառնա
Բուլկին գաթա չի դառնա.
Աղունիկ թռցնողից մինչեւ անտենա տեղադրող…
Լինում է չի լինում Հայաստան աշխարհում մի հատ Արամ Հարությունյան է լինում: Վերջինս այն աստիճան է սիրահարվում բնությանն ու նրա հրաշալիքներին, այնքան է տրվում բնության խաղերին. որ էլ ղուշ թռցնել, էլ թռչունների դայլայլ, էլ կանաչ խոտերում խաղալ ու թռչկոտել, որ վերջում սիրահարվելով բնությանը, վերջապես «կերտվում» է ազգիս բնապահպանության նախարար:
Առաջին հայացքից սիրահարվում է բնությանը, հետո բիզնեսին, ու որոշում է համ բիզնեսմեն դառնալ, համ էլ «մինիստր»: Կարճ ասած, էս տղու աչքը ինչ տեսնում է, սիրտը քաշում է.ու հանուն դրա նա ուր ասես մտնում-դուրս է գալիս, հետն էլ. էլ հաճոյանալ, էլ չքմեղանալ, էլ գլխարկ հանել, ու «սրբանալ», միայն թե իշխանությունից հեռու չգնալ ու հավերժ աթոռներ ունենալ:
Պարզապես, վատն այնն է, որ օլիգարխիկ դասին պատկանող չինովնիկը, որ ոլորտը զոռով-շառով ստանձնում է, այդ ոլորտի «հերն անիծում է» ու քաշվում մի կողմ:
Ընդամենը մի քանի ամիս առաջ ազգիս բնության պաշտպանի դեմ իրականացված լրջագույն ակցիաները`հենց այդ ձախողումների վառ ապացույցն էր: Ոլորտի մասնագետներն ու իրական բնապահապանները շատ լավ հասկանում էին, որ սույն սուպեր մինիստրը ոլորտը խեղդամահ է անում:
Ու զարմանալին այն էր, որ սույն պարոնին Կոտայք մարզում աշխատանքի տեղավորելու ժամանակ, մեկը չկար որ հարց բարձրացներ, թե այս կերած-խմած մեր մինիստրին, ինչպես ենք վստահում ՀՀ-ի կարեւորարգույն մարզերից մեկը: Նշենք, որ սկզբում քաղաքաշինության, ապա բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելու շրջանում, Արամ Հարությունյանը դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ բնականաբար միշտ գաղտնի պահելով իր իրական եկամուտներն ու ունեցվածքը: Քաղաքական շրջանակներում պտտվող համառ լուրերի համաձայն, նա շատ վաղուց դոլարային միլիոնատեր է համարվում, որի ունեցվածքն ու դրամական միջոցներն անցնում են մի քանի տասնյակ միլիոնը: Արամ Հարությունյանը Եղվարդի ճանապարհաշինարարական ԲԲԸ-ի գլխավոր բաժնետերն է, իսկ այդ ընկերությունն է սպասարկում Եղվարդի ճանապարհները և միշտ հաղթող ճանաչվում բոլոր մրցույթներում: Սակայն, խեղճ ու կրակ Արամ Հարությունյանի համար ամենաաղքատ տարին լինում է 2008 թվականը, երբ նա ըստ հայտարարագրի, ունեցել է միայն աշխատավարձի եկամուտ՝ 2 մլն 906 հազար 178 դրամ: Եւ ահա նման աղքատիկ եկամուտ ունեցող մարդը 2009 թվականին ձեռք է բերում շենք-շինություններ, եւ հենց այդ տարում նրա եկամուտները կազմում են ոչ ավել, ոչ պակաս 131 մլն 61 հազար 616 դրամ: Մեկը չկա հարցնի, թե« պարոն գայլ» լինելով պետական պաշտոնյա և սահմանափակված լինելով սահմանադրական նորմերով, որտեղի՞ց եք գոյացրել այդ գումարները: Եւ ո՞ւր եք գնում այդ տեմպերով:
Բացատրենք. մարդն ուղեւորվեց Կոտայքի մարզ` հավանաբար նորից «չալաղաջ »պատառներ որոնելու. չէ, ո՞ր այդ մարզում էլ լուրջ փողատերեր կան, ում բուլկին չի կարող անտեսել: Միայն թե մեծագույն հարց է , թե այս դեպքում, ով ում համար կեր կդառնա:
Եւ վերջապես հարց է, թե Ռուսաստանում գործարարությամբ զբաղվելով փող սարքած և Հայաստանում պաշտոններ վերցրած սույն իշխանիկը ինչքանո՞վ կկարողանա այս մարզում իրեն դրսեւորել…Արդեն իսկ տեսակետներ են հնչում, որ այս նշանակումը վերին իշխանության «պրավալներից» մեկն է լինելու: Քանզի ինչպես է հաջողվելու տարբեր իշխանությունների հետ մաշիկ փոխած այս չինովնիկին հավասարակշռել քաղաքական ուժերին մի մարզում` ուր կուսակցական խաղերն ու խմորումները բավականին շատ են: Եւ որի պարագայում խաղի ճիշտ կանոններ չպահելը, իսկապես որ կարող է կատաստրոֆիկ դրսեւորումներ ունենալ.առաջինը`հենց Բուլկի Արամի համար, հետո քաղաքական այն ուժի, որին Բուլկին ըստ ամենայնի պարտական է իր ստացած պաշտոնի համար:
Արդեն իսկ մարզում ակտիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Արամը ողջ մարզը մեջ-մեջ է անում. քաղաքական կուսակցությունները արդեն իսկ սկսել են գլուխ բարձրացնել` յուրովի: Կարծիք կա, որ Արամին մի քանի ամիս հետո չի կարողանալու փրկել, ոչ իր նախկին սիրելի ՕԵԿ-ը, ոչ ԲՀԿ-ն, եւ ոչ էլ ՀՀԿ-ն , քանզի Արամի եփած ճաշը դժվար թե որեւէ մեկի սրտով լինի: Եւ դժվար թե գալիք նախագահական ընտրություններում, ժամանակին Կոտայքի մարզում անտենաներ տեղադրած չինովնիկը կարողանա իրեն բարեկեցիկ կյանք ապահովողների առաջ պարզերես դուրս գալ:
Եւ վերջապես ինչպես կարող է բուլկի Արամը սպիտակ ձեռնոցներով աշխատել մի մարզում, որտեղ նրան շատերը ճանաչում են որպես հայրենի մեծահարուստի, ում կասկածելի միլիոնները հաշվելը դժվար է…
Արդյո՞ք կարող էր տեսչության պետն առանց բնապահպանության ազնվագույն նախարարի նման գործարքների գնալ...
Բավական է հիշել այն դրվագը, որ դեռեւս 2007 թթ-ին բնապահպանության նախարար Հարությունյանի պաշտոնանկության հնարավորությունը կապվում էր այն փաստի հետ, որ բնապահպանության տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը և տեղակալ Արսեն Պետրոսյանը 5մլն դրամ կաշառք էին վերցրել: (այդ մասին մամուլով բազում հրապարակումներ եղան): Ի դեպ, այդ քրեական գործը ժամանակին կարծես թե հանգուցալուծում չէր էլ ստանում...
Արդյո՞ք կարող էր տեսչության պետն առանց բնապահպանության ազնվագույն նախարարի նման գործարքների գնալ: Իսկ ընդհանրապես Արամ Հարությունյանն այն բացառիկ նախարարներից է, որի անվան հետ մշտապես զուգորդվող ահռելի չարաշահումների ու յուրացումների փաստերը երբեք չեն դադարել: Նրա վրա բազմաթիվ գործեր կային թե´ Գլխավոր դատախազությունում, թե´ Վերահսկիչ պալատում:
Գլխավոր դատախազությունը ֆինանսատնտեսական ստուգումներ էր նշանակել Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներում թերացման և բյուջեի գումարներն անարդյունավետ ծախսելու առիթով: Այդ նպատակով պետբյուջեից հատկացված 250 մլն դրամն անհետացել էր: Խոսակցություններ կային , թե Սևանը դիտավորյալ չեն մաքրում, որպեսզի կառավարությանը ստիպեն դարձյալ միլիոններ տրամադրել հատուկ տեխնիկա գնելու համար, ինչն էլ այն ժամանակ արվել էր գործադիրի վերջին նիստերից մեկում:
ՀՀ Վերահսկիչ պալատը ևս չարաշահումներ էր հայտնաբերել Հարությունյանի ղեկավարած կառույցում: Եւ ինչ, նույն ՎՊ-ն, այդ ժամանակ շուրջ 226 մլն դրամի խախտումներ ու չարաշահումներ էր հայտնաբերել այս նախարարությունում: Հատկապես աղաղակող խախտումներ կային 2006-08թթ. «Սևան» ազգային պարկի հողերի օգտագործման, վարձավճարների գանձման նկատմամբ վերահսկողության հետ կապված:
Պարզապես հետաքրքիրն այն է, որ, չգիտես ինչպես ժամանակին ՌԴ-ից Հայաստան եկած և հետո արդեն նախարար դարձած միլիոնատիրոջը հաջողվում է ջրից չոր դուրս գալ: Պարզվում է, որ չարաշահումները, գողությունները, քրեական գործերն ընդամենը ածանցյալ են:
Իսկ հիմա բուլկի Արամը իրեն միամիտի տեղ դրած փորձում է «վանքի հավերն ուտել » ու Կոտայքի մարզում ձեւ բռնել, թե Կոտայք է ժամանել մի սրբագույն պաշտոնյա, ում խոշորացույցով գտնելն անգամ դժվար կլիներ: Այնինչ քիչ թե շատ բանիմաց մարդիկ հասկանում են, որ դժվար թե Արամի բան ու գործը հալալ քրտինքով աշխատելն է: Այլապես մերօրյա չինովնիկը դժվար թե խույս տար Կոտայքի մարզի բնակիչներից ու իր իսկ հող ու ջրի մարդկանցից, որոնցից շատերի հիշողության մեջ դեռեւս թարմ եմ մնացել աղունիկ թռցնողի տվայտանքներն ու մանկական երազանքները:
Իսկ թե ինչպե՞ս են Կոտայքի բնակիչները վերաբերում ազգիս մարզային իշխանիկին, ու թե ինչո՞ւ չեն ճանաչում, թե ով է իրենց նորընծա մարզպետն ու մարզի նորագույն ֆեոդալը, կներկայացնենք հաջորդիվ:
Սկզբի համար նշենք, որ մարզի բնակիչներից շատերը չգիտեն իրենց մարզպետի անուն-ազգանունը անգամ, իսկ այն լսելուն պես էլ հակադարձում են, թե Արամն ո՞վ ա , էդ ո՞վ ա: Ահա այ էդ ով-աներով էլ գնալու ենք դեպի գալիք նախագահական ընտրություններ:
Այնպես, որ բուլկին գաթա չի դառնա: