Այ եթե իմանամ, թե ինչն է իրենց ուզածը, այն ժամանակ կարող եմ պատասխանել
"Հունվարի մեկից սկսած գործարաները կարող են առանց մաքսատուրքի իրենց ապրանքը տեղաշարժել դեպի ԵՏՄ տարածք: Պարզապես ԵՏՄ տարածքում այսօրվա դրությամբ որոշակի արժեզրկումներ է գնում, մասնավորապես ռուբլու արժեզրկման հետ կապված եւ դրա համար ներկայումս առաջ են եկել լրջագույն պրոբլեմներ` հատկապես արտահանման հետ կախված, բայց դրանք լուծելի խնդիրներ են",- Fnews.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ապրանք արտահանող եւ ներկրող գործարաների համար կոնկրետ ինչ է փոխվել մաքսակետում` ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
- Մասնավորապես ի՞նչ խնդիրներ են:
- Խնդիրը նրանում է, որ տեղի ունեցել գնանկում, որովհետեւ ռուբլին արժեզրկվել է մոտ հարյուր տոկոսով, իսկ ապրանքները` հարյուր տոկոսով թանկացման պարագայում կդառնան անմրցունակ:
- Իսկ ի՞նչ պետք է անել այս պարագայում:
- Աշխատել:
-Պարոն Այվազյան չնայած "Շրջանառության մասին" օրենքի կիրառումը կրկին հետաձգվեց, սակայն մանր ու միջին բիզնեսով զբաղվողները շարունակում են իրենց ակցիաները, ինչո՞վ եք դա բացատրում:
- Այ, եթե իմանամ, թե ինչն է իրենց ուզածը այն ժամանակ կարող եմ պատասխանել: Պարզապես այդ օրենքով` պետության հիմնական, կոնցեպտուալ մոտեցումը` քաղաքական մոտեցումը վերաբերում է նրան, որ 58 միլիոն շրջանառություն ունեցող մարդկանց պետք է տրամադրել արտոնյալ կարգավիճակ: Բայց այլ շրջանառության դեպքում, այսինքն ստվերային շրջանառությունը պետք է ֆիքսվի: Մենք այս օրենքով պետք է կարողանանք օգնել այն մարդկանց, ովքեր ունեն այդ շրջանառությունը, այսինքն փոքր եւ միջին բիզնեսին, այդ կերպ ջրի երես հանելով ստվերային շրջանառություն ունեցողներին:
