Այդ չարաբաստիկ օրը՝ հավերժ կմնա մեր հիշողություններում
Հոգեբան Իրինա Ծատուրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
30 տարի է անցել այն չարաբաստիկ օրվանից, որը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողություններում: Երկրաշարժից հետո շատերը իրենց մասնագիտական և մարդկային աջակցությունը ցուցաբերեցին աղետի հետևանքները վերացնելու գործընթացում: Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքը տարբերվում էր իր բարդությամբ և հուզականությամբ: Տեսնելով այն վախը, որ կար մանուկների աչքերում, ակամայից ինքդ էիր զգում նրանց կողմից վերապրած ցավն ու սարսափը: 1990թ.-ին լույս տեսավ Արմեն Հովհաննիսյանի «ԱՂԵՏ» գիրքը՝ Սիլվա Կապուտիկյանի առաջաբանով և իմ թարգմանությամբ, Գյումրիի որդեկորույս մայրերի հիշողությունների մասին: Երբ կարդում ես այդ գիրքը, հիանում ես հայ մայրերի քաջությամբ, որոնք, կորցնելով իրենց զավակներին, հերոսաբար, հույսով և հավատով, պայքարում էին կյանքի համար և չէին կոտրվում այն մեծ ցավից, որը հասցրեց երկրաշարժը: Եվ չնայած այդ մեծ կորստին, նրանք շարունակում էին ապրել ու արարել, երեխաներ ունենալ, ինչը վկայում է նրա մասին, որ նույնիսկ նման ողբերգությունից հետո կյանքը շարունակվում է և որ հնարավոր է կրկին ոտքի կանգնել: Հավատացած եմ, որ հիշելով մեր անցյալը և բոլոր այն փորձությունները, որոնց միջով անցել ենք, միշտ կունենանք ուժ և խիզախություն առաջ գնալու և երբեք չհանձնվելու:
