Այնքան եմ ատում այս կառավարությանը, որ…
Հայտնիները շարունակում են արձագանքել, որ իրենք ևս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ տարվող պայքարի կողմնակից են, եւ որ համակարծիք են հնչած այն տեսակետների հետ, որ այդ համակարգին անցնելը անտեղին ու անժամանակ իրականացված քայլ էր ու որոշում: Չնայած համակարգը լավ փորձարկված երևույթ է, և ընդունելի է զարգացած ու հաջող տնտեսություն ունեցող երկրներում, ամեն դեպքում Հայաստանի համար դա անընդունելի է մի քանի պատճառներով, որոնցից գլխավորը՝ տնտեսական պայմաններն են: fnews.am-ի հետ զրույցում,«Դեմ ենք կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական շարժման վերաբերյալ իր տեսակետը հայտնեց թատրոնի ու կինոյի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, նշելով.
-Ես չեմ կարծում, որ այս երկրում կա մեկը, որը կողմ է այդ օրենքին: Դու չգիտես այդ կուտակածդ գումարը ի վերջո ինչ է լինելու, այսինքն նշանակում է, որ մենք աշխատում ենք ու անհայտ մի օր` լինելու ենք, թե չենք լինելու,այդ գումարը ինչ-որ տեղ կուտակվում է, բնականաբար իրենք այդ գումարը օգտագործելու են իրենց նպատակների համար: Մեր «հարգարժան» կառավարությունը պարզապես չգիտեմ ինչ մտքի թռիչք պետք է ունենար, որ նման օրենք կարողանար մտածել (իհարկե մերոնք կունենան ես չեմ զարմանում): Ինչու չեմ պայքարում ու ինչու չեմ գնում որևէ պայքարի, ոչ թե հույս չունեմ, ես գիտեմ, որ պարզապես այս երկրում ինչ-որ բանի դեմ պայքարելը անիմաստ է, որովհետև նույն բանն էլ թատրոնում է: Ես ուրիշ բան չեմ կարող ասել ու ես ամբողջ կյանքում եմ այդ պայքարի մեջ եղել. թատրոնն ինձ բավական է: Ես դրական չեմ վերաբերում դրան, պարզապես դրական վերաբերվելու ոչ առիթ կա, ու ոչ էլ պատճառ: Երբ խորապես ուսումնասիրում ես այնտեղ դրականի ոչ մի մի բան չկա: Ի շահ աշխատողի չի արված այդ ամենը: Ես դեմ չեմ, որ կենսաթոշակային ֆոնդ լինի, բայց այդ կուտակայինը չեմ կարողանում հասկանալ»: -Տրանսպորտի գնի թանկացման դեմ տարվող պայքարում, ամեն դեպքում, այդ ակցիաները իրենց օգուտը տվեցին: Այս անգամ, ինչու՞ եք մտածում, որ ինչ-որ բանի դեմ պայքարելն ուղղակի անիմաստ է… -Ես կարծում եմ, որ դա պահ էր, շատ անհատականություններ իրենց ազդեցությունն ունեցան այդ ամեն ինչի վրա: Ես ուրախ եմ, որ այդ ամեն ինչը կա: Եթե իմ ընկերները նորից կհամաձայնեն դուրս գալ փողոց, ես կլինեմ իրենց հետ: Բայց միշտ, ես չեզոք «պազիցիայի» մեջ եմ, որովհետև այնքան եմ ատում, այս կառվարությանը, որ… Շատ ակտիվ եմ հետևում քաղաքականությանը ու շատ լավ գիտեմ իրենք ովքեր են, նրանց գործունեությունն ինչ է իրենից ներկայացնում: Ինձ մոտ նողկանք է առաջացնում իրենց ընդունած յուրաքանչյուր օրենք` իրենց աշխատավարձերի բարձրացումից սկսած և այլն: Պարզապես չգիտեմ ընդդիմադիր լինելու համար ինչքանով պետք է ամուր նյարդեր ունենաս: Ես դերասանուհի եմ, ով շատ ուժեղ, պինդ նյարդեր չունի, և ես ինքս ինձ իմանալով գիտեմ, որ տաքարյուն եմ ու կարող եմ մեկի գլուխը ջարդել: Որպեսզի ես ինձ խայտառակ չանեմ, շատ դեպքերում չեմ մասնակցում, քանզի պատկերացնում եմ, որ թերթերում գլխագիրը միշտ լինելու էր նա ջարդեց նրա գլուխը և այլն: Ես չեզոք պայքարող եմ. ինքս ինձ հետ, այս երկրի հետ:
Զառա Ղազարյան
