Այսօր այցելելու եմ Կուրթան գյուղ. լավ լուր ունեմ հայտնելու. Սիփան Փաշինյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այցելելու է Կուրթան գյուղ, այն ընտանիքին տեսակցության, որի որդուն` Մեխակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանդիմանել էր չաշխատելու համար:
«Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին` լավ լուր ունեմ հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»,- գրել է պատգամավորը:
News.am-ին տված հարցազրույցում Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, պատմել է, թե իրականում առողջական ինչ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին մարտի 7-ին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել. «Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի՞, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո ընտանիքի հարցը լուծի»,-ասել էր նա: