Այսօր ծառայակցի կողմից սպանված զինծառայողը դիրքի ավագն էր․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։
Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: