Այսօր Հ1-ում թեժ է լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։
Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն, սկզբի համար մեկ-երկու՝ կոռուպցիայի, տնտեսության մասով հարցեր կլինեն։ Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք․ քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել։ «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի եւ ելքի համար, այլ հնարավորություններ չունենք, և ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ․ Գրիգորյանը։
Մանրամասները՝ թերթի համարում: