Այսօր քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանը կդառնար 34 տարեկան
Այսօր քառօրյա պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանը կդառնար 34 տարեկան։
Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ.-ին, Երևանում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով:
Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև մրցավար և մեկնաբան: 2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում: 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:
2014 թ.-ից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը:
Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։ Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից հակառակորդի ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։
Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից և հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Խաղաղ ժամանակ Սասունն արժանացել է ՀՀ զինված Ուժերի «Լավագույն զինվոր-մարտիկ» և «Մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար» պատվոգրերի: