Այսօրվանից Ստեփանակերտում մեկնարկում է հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը
Ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։ «Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները: Յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։ Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։ Այդ պարագայում ներկայացվում են նաև վերջինիս փաստաթղթերը։
Կտրոնները կտրամադրվեն հետևյալ կետերում՝ համապատասխան նշված ժամանակացույցի. համար 6, 7, 9, 12 դպրոցներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (Ազատամարտիկների փ. 39) և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության վարչական շենք (Ազատամարտիկների փ. 54)՝ ժամը՝ 09:30-18:30, համար 2, 5, 10 դպրոցներ՝ ժամը՝ 12:00-18:30:Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկի: Ստացած կտրոններին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով, քանի որ կորցրած կամ վնասված կտրոնի դիմաց նոր կտրոն չի հատկացվի: Հացի վաճառքի, ինչպես նաև տվյալ օրն իրացման ենթակա կտրոնների համարների վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող յուրաքանչյուրի համար նախատեսված է կտրոն, այդ պատճառով մեր քաղաքացիներին հորդորում ենք հերթերում պահպանել արժանավայել կարգուկանոն՝ նպաստելով գործընթացի արագ կազմակերպմանը», - նշված է հայտարարության մեջ: