Ազատամարտիկների վրա ավազակային հարձակում են գործել իշխանությունները
Shabat.am-ը գրում է. Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի եւ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակում են գործել գործող իշխանությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Նախ եւ առաջ ոչ մի բռնապետ, ոչ մի դիկտատոր, ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, երբեք կամովին չի շնորհում ազատությունը իր քաղաքացիներին: Ցանկանում եմ խոսել մի տգետ, զզվելի ստոր արարքի մասին: Շատերի համար նորություն է, շատերն էլ տեղյակ են: Երեկ մեր ազատամարտիկների՝ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել իշխանությունների հրամանով, այսօր էլ հարձակվել են Սուրեն Սարգսյանի վրա: Սա նենգ, ստոր արարք է եւ նորից պետք է ասեմ, որ սա նորություն չէ, երբ որ դիկտատորները տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է ավարտին, դիմում են նման քայլերի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
