Ազգ իմ ապրիր և ծաղկիր
Օրեր առաջ Արարատ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Մարտակերտի Տիգրանը գրքի շնորհանդեսը, որտեղ բոլոր ներկաներին Տիգրանի մայրը՝ տիկին Սիլվան ասաց, որ իր որդին Արցախում է ու ինքը քանի ողջ է մշտական որդու կանչով մեկնելու է Արցախ՝ որդու պաշտպանած և նրա անունը կրող դիրքը, ինքն զգում է որդու ներկայությունն Արցախում։ Հիմա առավել ևս տիկին Սիլվան հավերժ կապվեց Արցախին։ Տիգրան Պողոսյանն ու Հայկ Ասրյանը միասին սովորել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, այնուհետև միասին ուղարկվել ծառայության Մարտակերտի N զորամաս, վեց տարի ապրել են միասին՝ չորս տարի Երևանում, երկու տարի Մարտակերտում։ Չարաբաստիկ Ապրիլյան պատերազմը ապրիլի 25֊ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս Տիգրանի կյանքը խլեց, համալրեց անմահների շարքը։ Հայկն այլևս չկարողացավ ապրել այդ նույն տան մեջ, որտեղ ծառայակից ընկերոջ֊եղբոր հետ լիքը լավ ու վատ օրեր էր ունեցել։
Հայկը որոշում է ամուսնանալ և ընկերոջ պատվին զավակ ունենալու դեպքում անվանակոչի ՏԻԳՐԱՆ։ Եվ ի ուրախություն Հայկ և Մարգարիտա Ասրյանների և այո, Տիգրան Պողոսյանի ընտանիքի, 06. 01. 2019 թ. Մարտակերտում ծնվում է այդքան սպասված Տիգրան Հայկի Ասրյանը։ Առավոտյան լուսադեմին Պողոսյանների ընտանիքն արդեն ճամփա էր ընկել դեպի Արցախ։ Զանգահարեցի տիկին Սիլվային, խանութում էին, ամուսիններով խառնված գնումների մեջ էին, տիկին Սիլվան արագ արագ ասում է. հետո հետո տիկին Մանուշակ, հետո կխոսենք, շատ ուրախ եմ, շատ հուզված եմ, Տիգրանս ծնվել է, նվերներ եմ ընտրում։ Աստված փոքրիկին առողջություն և հաջողություն պարգևի, մեծանա և ապրի խաղաղ արժանապատիվ Հայաստանում, երջանկացնի իր ծնողներին և արդարացնի նաև Պողոսյանների սերը։ Նրանք արդեն Արցախում են, վայելում են փոքրիկի ծնունդը։
Լուսանկարներն՝ Արմինե Կարախանյանի, որտեղ տիկին Սիլվան վայելում է նորածին Տիգրան Ասրյանին, որդու զորամասի եղևնին, նա չէր կարող առաջինը չայցելել զորամաս և ընտանեկան արխիվից Տիգրանի ավարտական երեկոյից։
Ազգ իմ ապրիր և ծաղկիր։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ