Ազգային խայտառակության էջերից
Ապրիլի 22-ին տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով կառուցվող Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցու զանգերի և խաչերի օծման արարողությունը: Ծեսը կմատուցվի Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցչի կողմից:
Եկեղեցին կառուցվում է Ծովակալ Իսակովի պողոտայի հարեւանությամբ: Տեղը պատահական չի ընտրված՝ այն Երեւանի մուտքն է: Այսինքն, Հայաստան ժամանողները Երեւան մտնելիս առաջինը տեսնում են ռուսական եկեղեցին: Նպատակն ակնհայտորեն այն է, որ բոլորը տեսնեն, որ Հայաստանն ընդամենը ռուսական տարածք է:
Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ եկեղեցին կառուցվում է հայկական կապիտալով՝ Արա Աբրահամյանի փողերով: Արա Աբրահամյանը փող է աշխատում Ռուսաստանում, նա ՌԴ հատուկ ծառայությունների աչալուրջ հսկողության տակ ստեղծված հայերի միության նախագահն է, եւ ամեն օր ստիպված է գնել ռուսների լոյալությունը՝ ռուս պատանդների փրկագինն է վճարում, ռուսական եկեղեցի կառուցում եւ այլն:
Ռուսաստանի ոչ մի այլ էթնիկ մեծահարուստ իր փողերը ռուսների վրա չի ծախսում: Օրինակ, Պուտինի ընկեր ադրբեջանցի մեծահարուստը Հունգարիայից գնեց ադրբեջանցի մարդասպանին ու վերադարձրեց Բաքու:
Այսինքն, հայ մեծահարուստները սպասարկում են Ռուսաստանի «սեւ» քաղաքականությունը:
Դարերի ընթացքում ուրիշներն էին Հայաստանում եկեղեցիներ կառուցում: Օրինակ, մոնղոլները, իրանցիները, վճարելով այդ շինարարության ծախսերը, որպես իրենց գերիշխանության վկայություն: Հիմա հայերը եկեղեցի են կառուցում ռուսների համար, որպես ռուսների գերիշխանության վկայություն:
Այսինքն, եթե նախորդ օտար նվաճողները վճարում էին իրենց իշխանությունը հաստատելու համար, հայերն իրենք են վճարում ռուսական գերիշխանությունը հաստատելու համար:
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:
Աղբյուրը ` Lragir.am