Ազնավուրը ցանկանում է Վատիկանում համերգ տալ` նվիրված Հայոց Ցեղասպանության հիշատակին
Հայազգի շանսոնյե Շարլ Ազնավուրը մտադիր է Վատիկանում համերգ կազմակերպել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին,-փոխանցում է КАI գործակալությունը:
Ըստ РИА «Новости» գործակալության՝ Ազնավուրը չորեքշաբթի ներկա կգտնվի Պապ Ֆրանցիսկոսի հետ ընդհանուր հանդիպմանը և կխոսի այդ մասին Հռոմի Պապի հետ:
Ֆրանցիսկի շրջապատում առկա աղբյուրները տեղեկացրել են, որ Հռոմի Պապը քաջ ծանոթ է Ազնավուրի ստեղծագործություններին և ունկնդրում է նրա երգերը:
Շարլ Ազնավուրը իր 90-ամյակը նշել է անցյալ տարի: Ըստ երաժշտական քննադատերի՝ նա գտնվում է շատ լավ վիճակում, ինչը թույլ է տալի նրան հանդես գալ համերգներով և սկավառակներ ձայնագրել:
Ապրիլի 12-ին Հռոմի Պապը սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության: Այս տարի Հռոմի պապը հայ սուրբ Գրիգոր Նարեկացիին ճանաչել է որպես Համաշխարհային եկեղեցու ուսուցիչ: Այդ տիտղոսին ամբողջ պատմության ընթացքում արժանացել են 36 սուրբ: