Բաբլոյանն ու Ծառուկյանը Մոսկվայում են
Հրապարակ օրաթերթը գրում է.Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։ Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, եւ այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի կարծում են, որ այդ գործում կարող է որոշակի դերակատարում ունենալ տարեց եւ հավասարակշիռ Բաբլոյանը, ում ռուսները նորմալ են ընկալում։
Նա այս օրերին գտնվում է Մոսկվայում՝ պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովին է մասնակցում եւ երեկ ելույթ է ունեցել «միջազգային անվտանգության թեմայով»՝ ընդգծելով․ «Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով»: Բաբլոյանը նաեւ հանդիպել-զրուցել է Պետդումայի նախագահի հետ։
Այս օրերին Մոսկվա է մեկնել նաեւ Գագիկ Ծառուկյանը, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում «Եդինայա Ռոսիայի» եւ Պետդումայի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների թեման ՀՀ «ներքաղաքական իրավիճակն» է։