«Բաց թողնված հնարավորությունների գլուխ»
Փաստաբան Հայկ Ալումյանը հղում անելով Սահմանադրական բարեփոխումների 7-րդ գլխին` նշում է, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգին առնչվող բազմաթիվ դրույթներ անկատար են մնում և այդ գլուխը անվանեց՝ «Բաց թողնված հնարավորությունների գլուխ»: Ալումյանը նշեց, թե ինքը քրեական գործերով երկար ժամանակ զբաղվող փաստաբան է և համոզված է, որ այս Սահմանադրությամբ արդար ու անկողմնակալ դատարան ունենալու հնարավորությունները նվազում են:
«Ժողովուրդը, ինչպես կտրված է եղել դատական իշխանությունից, այնպես էլ նոր փոփոխություներով շարունակելու է կտրված մնալ:1997 թվականին վերաքննիչ դատարան ունեինք, որը ըստ էության, կրկնում էր առաջին ատյանի դատարանի գործառույթները: 1998 թ.-ին այդ խնդիրը լուծվեց: Հիմա ըստ էության ունենք երկու վճռաբեկ դատարաններ, ու սա հակասահմանադրական վիճակ է: Այս խնդիրը պետք է լուծվեր այս Սահմանադրության մեջ, սակայն չլուծվեց: Ոչ մի հեռանկար չկա, որ Սահմանադրական դատարան դիմելով` կարող ենք հասնել նրան, որ այդ օրենքները համարվեն հակասահմանադրական: Հաճախ էինք լսում, որ որ նոր Սահմանադրությամբ հնարավորություն է ստեղծվելու ստեղծել երդվյալ ատենակալների դատարան: Սակայն այս Սահամանադրությունը հերթական անգամ փակեց այդ հնարավորությունը»,-դատական համակարգի թերացումները շտկելու ևս մեկ բաց թողնված հնարավորության մասին է բարձրաձայնում փաստաբանը: