Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել եւ վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ եւ ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող եւս մեկ հանցավոր խումբ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացի ՀՀ-ում իրացնելու նպատակով հայ-իրանական սահմանի «Մեղրի» մաքսակետով մաքսանենգ եղանակով ներմուծել է առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը հետագայում թաքցրել են Երեւանում վարձակալած բնակարանում:
ՀՀ-ում մնացած 2 հանցակիցները, որոնք գտնվել են ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, 2018 թվականի նոյեմբերի 2-ին Երեւանում փորձել են իրացնել 1454 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, սակայն խմբաքանակը փոխանցելու պահին բռնվել են:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում ԻԻՀ քաղաքացիներ Է.Կ-ն եւ Հ.Բ-ն ձերբակալվել են, իսկ նրանց բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է եւս 9 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբին առնչակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: