Բացարձակ հիմք չկա. Ձերբակալվածներին դեռևս մեղադրանք չի առաջադրվել. 1in.am
Մի քանի օր շարունակ անհնազանդության ակցիա իրականացրած ակտիվիստներից երկուսին՝ Տիգրան Մազմանյանին և Էրիկ Խաչատրյանին, դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Նրանք գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։
Տիգրան Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Տիգրանը կասկածվում է զանգվածային անկարգությունների մասնակից լինելու համար։ Դրա դեմ պաշտպանը բողոք է բերել՝ հիմնավորմամբ, որ Տիգրանը բացարձակ կապ չունի այն արարքի համար, որը վերագրվում է նրան։
«Մեղադրանքը անհիմն է, բայց ես դեռ չեմ ուզում ավելի շատ տեղեկատվություն հայտնել՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով»,- ասաց Ռևազյանը՝ հրաժարվելով անգամ նշել, թե Տիգրան Մազմանյանը ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ։
Էրիկ Խաչատրյանը, որը 16 տարեկան է, դեռևս ցուցմունք չի տվել։ Երեկ կազմվել է միայն ձերբակալման արձանագրություն։ Էրիկը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով և 225-ի պրիմ 1 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարելու համար։
«Այլ ապացույց, հիմք նախաքննական մարմնի կողմից չի ներկայացվել։ Նրանք միայն բառացի ասացին, որ Էրիկը ձերբակալվում է իրեց ձեռքի տակ եղած տեսաձայնագրության հիման վրա Ռադիոտան գործով, որտեղ իբր Էրիկը կոտրում է դուռը։ Ես այդ տեսաձայնագրությունը չեմ տեսել։ Իրենք էլ ասացին, որ ինտերնետը ողողված է դրանով, ու երբ ժամանակը գա, իրենք կներկայացնեն մեզ։ Այսպես անչափահաս երեխային պահում են ՁՊՎ-ում»,- ասաց Էրիկի փաստաբան Թեհմինե Հովսեփյանը՝ հավելելով, որ փորձում են գրավ կիրառել, դատախազին դիմել, պատգամավորական երաշխավորագրեր ներկայացնել, որ կալանք չկիրառեն։
«Նրան վերագրված մեղադրանքը բացարձակ անհիմն է։ Տղան նման մտադրոթյուններ չի ունեցել։ Ցույց է եղել, որին ինքը մասնակցել է, իսկ այդ արարքը արգելված չէ»,- ասաց փաստաբանը։
Ձերբակալվածներին երեկ այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։