Բակում գտել էին արնաշաղախ դիակ. Փախուստի մեջ գտնվածը խոստովանեց, որ ինքն է սպանել հարևանին
Մարտի 4-ին, ժամը 00:45-ին, բուժհաստատությունից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ ստացվեց, որ Միքայելյան հիվանդանոցի դիմացի սեփական տներից մեկում մահացած մարդ կա:
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր:
Բակում հայտնաբերվեց տանտիրոջ՝ 50-ամյա Արմեն Փարսադանյանի արնաշաղախ դիակը: Տեղում պարզվեց կատարվածի մանրամասները:
Ըստ նախնական տվյալների, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել երկու հարեւանների միջեւ: Վիճաբանությունը վերածվել էր քաշքշուկի, եւ 42-ամյա Արմեն Մուրադյանը 3 կրակոց էր արձակել ու սպանել հարեւանին:

Ձեռնարկվեց օպերատիվ-հետախուզական եւ որոնողական ծավալուն միջոցառումներ, ինչի ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ Արմեն Մուրադյանը թաքնվում է Վանաձորում՝ իր բարեկամներից մեկի տանը:
Օպերատիվ խմբերից մեկը մեկնեց Վանաձոր, զուգահեռ ձեռնարկվեց նաեւ բացատրական աշխատանք:
Նույն օրը՝ երեկոյան, Արմեն Մուրադյանը ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ խոստովանեց, որ ինքն է սպանել հարեւանին:
Նա ոստիկաններին ներկայացրեց նաեւ հանցագործության գործիքը՝ դատարկ պահունակով, գործարանային համարով «Մակարով» ատրճանակը:
Ըստ Մուրադյանի՝ պահունակի մեջ 3 փամփուշտ է եղել, որոնք բոլորն էլ կրակվել են:

Նշանակվել են փորձաքննություններ:
Արմեն Մուրադյանը ձերբակալված/կալանավորված է:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
Մանրամասներ է ներկայացնում ավագ օպերլիազոր Սանթուր Դուրգարյանը:
Մանրամասներ է ներկայացնում ավագ օպերլիազոր Սանթուր Դուրգարյանը:
Աղբյուրը՝ ոստիկանության տեսանյութը
