Բանակցում են «էշը թարս հեծնածների» հետ
ՀՀԿ-ն, ըստ լուրերի, որոշել է լուծել Վանաձորում առկա իրավիճակը՝ կոտրել ավագանու 3 խմբակցությունների՝ ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՎԿ-ի բոյկոտի որոշումը: Նախատեսում են առաջիկայում հանրահավաք հրավիրել ու մասսաների «պահանջով» ցույց տալ, որ վանաձորցիները սատարում են Ասլանյանին, համարում են լեգիտիմ քաղաքապետ՝ հընթացս անարգանքի սյունին գամելով բոյկոտողներին՝ քաղաքի կառավարմանը խոչընդոտողներին: «Լինելով ՀՀԿ անդամ, կարող եմ ասել, որ մեր կուսակցությունն այս պահին Վանաձորում հանրահավաք կազմակերպելու կարիք չունի: Մեր խոսքը հասանելի է, մեր գործելակերպն ակնառու է, մենք էս պահին զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքներով, բնակչության հետ շփմամբ, քաղաքում աշխատանքներ կատարելու գործավարությամբ, բամբասանքների մակարդակներից էլ՝ դուրս»,-մեզ ասաց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Լուրեր կան նաեւ, որ Ասլանյանը շարունակում է բանակցել, ինչպես վանաձորցիներն են ասում՝ «էշը թարս հեծնած» ավագանիների կամ նրանց մերձավորների հետ, որ գան նիստին: Նա ուզում է մինչեւ նոր տարի հրավիրել այդ նիստը: «Ես ոչ պարոն Մամիկոնյանի անձնական դաշտ մտնելու իրավունք ունեմ, ոչ էլ Մարուքյանների կամ այլ մարդկանց եւ նույնիսկ չեմ էլ ուզում մտնել: Գիտեք, թե որտեղ են սկսվում եւ ավարտվում իմ իրավունքները, եւ կարիք չկա հիշեցնել այդ մասին»,-ասաց Օհանյանը: Ի դեպ, Ասլանյանն օրեր առաջ Ֆեյսբուքում գրել էր. «Ես, որպես վանաձորցի եւ որպես համայնքի ղեկավար, չեմ կարող թույլ տալ, որ իմ համաքաղաքացիներին որեւէ բացասական պիտակավորում անեն` դավաճան, ուխտադրուժ… Դեմոկրատիայի նկատմամբ հայհոյանք եմ դիտում բոլոր այն դրսեւորումները, որոնք մարդկանց խոսքի ազատությունը կամ ընտրություն կատարելու իրավունքն ուզում են համապատասխանեցնել այս կամ այն կուսակցության գաղափարների հետ»:
http://hraparak.am/?p=132468&l=am/banakcum+en+eshy+tars+hecnacneri+het
