Բանակում ինքնասպանության դեպքերը երբեք չեն բացահայտվի
Shabat.am-ը գրում է. Հայոց բանակում ինքնասպանությունների դեպքերը խեղաթյուրված են և իրականությունը երբեք չի բացահայտվի, քանի որ վկաները չեն խոսի,- այսօր` դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Պետք է դրդապատճառները պարզվեն, սակայն զինվորների մոտ ընդունված է միմյանց դեմ վկայություն չտալ: Չկա, վկա չունեն, ոչ մեկը չի խոսի, դեպքերն այդպես էլ չեն բացահայտվի»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով, որ հայ զինվորը հենց այնպես երբեք իր վրա ձեռք չի բարձրացնի։
Հասարակական գործիչը նաև նշեց, որ այժմ զինվորների սոցիալական և բարոյահոգեբանական վիճակն անհամեմատ լավ է, և բանակում գրեթե բավականաչափ կարգուկանոն է հաստատվել:
«Փողոցային բիրտ բարքերն այլևւս բանակ չեն ներթափանցում: Հասել ենք նրան, որ բանակի վիճակն ավելի գերազանց վիճակում է, քան մեր հասարակության վիճակը, որովհետև բանակում զինծառայողը երեք անգամ նորմալ սնվում է, համազգեստի եւ հիգիենիկ պարագաների բոլոր համալրումները կան: Ծեծը համարյա թե բացակայում է բանակից: Եթե առաջ բազմաթիվ խոշտանգումների դեպքեր կային, ապա այսօր կարող ենք ասել, որ դրանք բանակում վերացել են, և բարոյահոգեբանական վիճակը բարելավվել է»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով հակառակորդի վերջին դիվերսիոն հարձակումներին` նա ավելացրեց, որ դրանք ոչ թե հարձակումներ են, այլ կարճատև պատերազմներ:
«Քանի դեռ հայ զինվոր է զոհվում բանակում, մենք զինադադար չունենք», - ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
