Բաքվում զարմացել են Հայաստանի շախմատիստների որոշումից
Ադրբեջանի Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ Մահիր Մամեդովը իր տարակուսանքն է հայտնել Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի որոշումից, ըստ որի՝ Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի 1-13-ը Բաքվում կայանալիք Շախմատային Օլիմպիադային, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 180 երկրներ:
Մահիր Մամեդովը նշել է,որ պաշտոնական Բաքում Հայաստանի հավաքականին անվտանգության երաշխիքները տվել էր և նրանց համար շատ զարմանալի էր հայկական կողմի այս պատասխանը: Մամեդովը չի մոռացել նշել, որ հայ շախմատիստներն անցած տարի Բաքվում մասնակցել են աշխարի գավաթի խաղարկությանը, և որ Լևոն Արոնյանը շատ լավ է իրեն զգացել Բաքվում:
Լիովին համաձայն եմ ՀՇՖ-ի դիրքորոշման հետ՝ չմեկնել Բաքու: Հայ շախմատիստների Բաքու մեկնելը ադրբեջանական կողմը հաջորդ իսկ րոպեից քարոզչական նկատառումներով կօգտագործեր Հայաստանի դեմ: Աշխարհին կփորձեր ապացուցել, որ նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո հայերն իրենց բավական անվտանգ են զգում Ադրբեջանում: Կարևորն այն է, որ Երևանը մինչև վերջ չփոխի իր դիրքորոշումն այս հարցում:
Հիմա Բաքվի էմիսարները կանցնեն նավթախավիարային դիվանագիտությանը և կփորձեն ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի միջոցով պարտադրել Հայաստանին ներկայանալ Բաքվի խաղերին: Ժամանակին, հենց նրա միջոցով Բաքվին հաջողվեց հյուրընկալել Արոնյանի նման շախմատիստին և հիմա այդ հանգամանքը օգտագործել որպես ադրբեջանամետ քարոզչություն:
ՀՀ իշխանությունները և կոնկրետ մեր շախմատի թիկունքին կանգնած ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Իլյումժինովին պետք է մերժեն: Հայաստանի նման ուժեղ շախմատային գերտերության չմասնակցությունը Բաքվի օլիմպիադային մեծ վնաս կհասցնի ոչ միայն Ադրբեջանին, այլև ՖԻԴԵ-ին, որը պարտավոր էր այնպիսի պայմաններ ստեղծել, որ բոլոր հավաքականները, այդ թվում նաև` ուժեղագույնները անպայման մասնակցեին:
Հ.Գ.Հայաստանի շախմատիստների մասնակցությունը սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային ես դիտարկում եմ նաև որպես անարգանք ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ զոհված հարյուրից ավել մեր հերոսների նկատմամբ: Շատ ուրախ եմ, որ մեր շախմատիստները չեն մասնակցելու Ալիևին գովազդող այդ հերթական միջոցառմանը:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք: