«Բա որ չեք ուզում համեմատենք նախորդ ռեժիմի հետ, ինչո՞ւ եք նույն բանն անում». Էդմոն Մարուքյան
«Նախորդ քրեաօլիգարխիկ, խայտառակ ռեժիմի ժամանակ կար մի խայտառակ պրակտիկա. բերվում էր խորհրդարան նախագծեր և ընդունվում էին այդ օրենքները ինչ-որ մարդու համար: Եվ հիմա այս ժողովրդավարական իշխանության ժամանակ, ես ուզում եմ հասկանալ՝ մենք շարունակո՞ւմ ենք նախորդ ռեժիմի պրակտիկան: Մենք շարունակո՞ւմ ենք կոնկրետ մարդկանց համար օրենքներ ընդունել, ընդ որում՝ հրատապ ռեժիմով, թե ուրիշ բան է սա. ոնց որ թե մտավախություն կա, որ կոնկրետ մարդկանց համար ենք առավոտյան 9-ին եկել, որ օրենք ընդունենք»,- այսօր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագծին:
Մարուքյանի խոսքով՝ երբ ընդդիմությունն ասում է, որ նմանատիպ գործելաոճ ուներ նախորդ ռեժիմը, այժմյան իշխանությունն ասում է՝ չպետք է իրենց համամել նախորդների հետ:
«Այստեղ էլի հարց է առաջանում. բա որ չեք ուզում համեմատենք նախորդ ռեժիմի հետ, ինչո՞ւ եք նույն բանն անում: «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այս օրենքին»,- ասաց Մարուքյանը:
Նշենք, որ այսօր ընթացող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում էր Կառավարության մշակած նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
