Բախտագուշակը դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա երիտասարդին
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի հատվածում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հ. Խ.-ն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 65-ամյա Ա. Մ.-ն, ով կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել է քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խ.-ն, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Ա. Մ.-ի տուն և տան մեջ բարձրաձայն խոսակցություն է տարել, որ Ա. Մ.-ն «պետք է իր բախտը նայի», սակայն Ա. Մ-ն, ով համարվում է «բախտագուշակ», դիտողություն է արել երիտասարդին, ինչը դուր չի եկել վերջինիս, և նա հայհոյանքներ է հնչեցրել Ա. Մ.-ի հասցեին: Վերջինը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է Հ. Խ.-ին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։