ԲՀԿ ֆրակցիան կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ. Հրապարակ
Չնայած ԱԺ-ում կոշտ ընդդիմադիր կեցվածքին, Երեւանի ավագանիում ԲՀԿ ֆրակցիան կառուցողական հարաբերություններ ունի իշխանականների հետ: ԲՀԿ խմբակցությունը «Բարեւ, Երեւան» ֆրակցիայի հետ հազվադեպ է միասնական մոտեցում ունենում: Սովորաբար ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկում, «Բարեւ, Երեւանը»՝ դեմ: ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չէ, գիտեք, մոտեցումներն են տարբեր, յուրաքանչյուրս քաղաքական տարբեր ուժեր ենք ներկայացնում, մի մոռացեք, որ սա քաղաքական մարմին է ի վերջո, եւ այս քաղաքական մոտեցումների հարցում տարբեր դիրքորոշումներ հնարավոր է լինեն, այսպես ընդգծված պրինցիպներ՝ որ մենք դեմ ենք եւ այլն, չկա»: Իսկ որոշումները կայացվում են Ծառուկյանի՞ անմիջական թույլտվությամբ: «Գիտեք ինչ, մենք բոլոր հարցերը քննարկում ենք, մեր խմբակցության նիստերը հենց քաղաքական քննարկումներ են... մասնագիտական որոշ հարցեր քննարկում ենք ԱԺ մեր տեղական կառավարման հանձնաժողովի հետ: Մինչեւ նիստի նախապատրաստվելը բոլոր հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք անում»: Ծառուկյանը գո՞հ է ձեր աշխատանքից. «Հակառակը չէի ասի»:
