«ԲՀԿ-ի «այդ մասին՝ հաջորդ դասին»-ը դարձել է «Կոկա-Կոլայի» նման ընդմիշտ».
1in.am-ը գրում է.ԲՀԿ-ի «Այդ մասին՝ հաջորդ դասին»-ը դարձել է «Կոկա-Կոլայի» նման ընդմիշտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ կայացած եռյակի առաջին երևանյան հանրահավաքին:
Նա նշեց, որ եռյակի երեկվա հանրահավաքի ուղերձը մեկն էր. եռյակ-քառյակն ասաց, որ կարող է հավաքել բավականին մեծ հրապարակ: «Որևէ այլ ուղերձ ես երեկ չեմ լսել»,- նկատեց Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ բավականին տարբերվում էին առանձին քաղաքական ուժերի հռետորաբանությունները, շեշտադրումները միմյանցից, և այդ հարցում ևս որևէ նորություն չկար: Հատկապես, նրա խոսքով, տարբեր էին ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի շեշտադրումները:
«ՀԱԿ-ն իր ռադիկալ տրամադրության մեջ էր՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսով. այն, ինչ ՀԱԿ-ը 2008-ին էր պահանջում, իսկ ԲՀԿ-ն հստակ պահանջ չուներ: Ըստ էության, ԲՀԿ-ի պահանջն այն էր, որ այսպես չի կարելի շարունակել:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ այս իշխանությունները պետք է հեռանան, բայց հստակ ֆիքսված ժամկետներ չհնչեցին, թե երբ պետք է հեռանան, ու ով պետք է հեռանա: Վերջին 25 տարիների ընթացքում հայաստանյան ընդդիմությունը տարբեր իշխանությունների օրոք ասել է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, բայց հստակ քայլեր այդ պահանջին հասնելու համար չեն նշմարվում այս ընդհանրության մեջ: Օրինակ՝ ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը, լինելո՞ւ է, թե՞ ոչ, դա լինելու է անընդհա՞տ, թե՞ շաբաթը մեկ կամ ամիսը մեկ: Ոչ մի բան չի պարզվում: Երեկվանից հետո ոչինչ պարզ չդարձավ գոնե ինձ համար, բացի նրանից, որ ցուցադրեցին, թե կա հրապարակ, կա դժգոհ բավականին լուրջ զանգված, իսկ դրա մասին այնպես չէ, որ պետք է երեկվա հրապարակի լցվածությամբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հասկանայի»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը խուսափեց կանխատեսումներ անելուց: «Կսպասենք, կտեսնենք՝ ինչ պահանջ կբարձրացնի ԲՀԿ-ն հաջորդ հանրահավաքին: ԲՀԿ-ի «Այդ մասին՝ հաջորդ դասին» ձևակերպումը դարձել է «Կոկա-Կոլայի» նման ընդմիշտ: Կսպասենք հաջորդ դասին»,- ասաց Կարեն Քոչարյանը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
